Հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին աջակցելու նպատակով հանրային առողջապահական կազմակերպությունների կողմից իրականացվում է բնակչության առողջության և դրա բաղադրիչների դիտարկում՝ «համաճարակաբանական հսկողության» գործադրմամբ։
Համաճարակաբանական հսկողություն հնարավոր է իրականացնել ամենատարբեր առողջական վիճակների, մասնավորապես հիվանդության, վնասվածքի, հաշմանդամության, ռիսկի գործոնների և այլնի նկատմամբ։ Հաճախ համաճարակաբանական հսկողությունն իրականացվում է առողջության կոնկրետ վիճակի փոփոխությունը ժամանակի և տարածության մեջ դիտարկելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանրային առողջապահական կազմակերպությունները համաճարակաբանական հսկողության միջոցով կարող են միաժամանակ դիտարկել առողջական տարբեր, ինչպես նոր (ամենավառ և արդիական օրինակը՝ կորոնավիրուսային հիվանդությունը), այնպես էլ արդեն իսկ հայտնի վիճակները։
Համաճարակաբանական հսկողության միջոցով հնարավոր է դիտարկել հանրային առողջության կոնկրետ վիճակի առաջացման նախադրյալները և ռիսկերը, զարգացման տարբեր փուլերը՝ սկսած անախտանշան փուլից մինչև կոնկրետ դրսևորումներն ու ուրույն հատկանիշները։
Համաճարակաբանական հսկողությունը կառավարվում է պետական կամ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք պատասխանատու են կոնկրետ աշխարհագրական սահմաններում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարբեր տարածաշրջաններում, երկրներում, վարչական միավորներում գտնվող բնակչության առողջության պահպանման և խթանման համար: Այսպիսի համաճարակաբանական հսկողությունը ներառում է հանրային առողջությանը վերաբերող տվյալների շարունակական հավաքագրման, կառավարման, վերլուծության, մեկնաբանման, տարածման և կիրառման գործառույթներ։ Նշված գործառույթների և վերջիններիս իրականացման մեջ ներգրավված կազմակերպությունների ամբողջությունը սահմանվում է որպես «համաճարակաբանական հսկողության համակարգ»:
Անհայտ ծագումնաբանության նորահայտ հիվանդությունների նկատմամբ համաճարակաբանական հսկողության իրականացումը կարող է տեղեկատվություն տրամադրել նախնական միջամտությունների վերաբերյալ, ինչպես նաև օժանդակել հանրային առողջապահական ծրագրերի մշակմանը և գնահատմանը, եթե նույնիսկ հանրային առողջապահական կազմակերպությունների կողմից պատասխան արձագանք չի տրվում յուրաքանչյուր դեպքին կամ բռնկմանը: Այսպիսով, 20-րդ դարի 80-ական թվականների սկզբին ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) նկատմամբ իրականացված համաճարակաբանական հսկողությունը տեղեկա- տվություն տրամադրեց վարակի փոխանցման եղանակի և ռիսկի խմբերի վերաբերյալ: Տեղեկատվությունը հնարավորություն ընձեռեց մշակելու մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) կանխարգելմանն ուղղված ծրագրեր, նույնիսկ նախքան ՄԻԱՎ-ը՝ որպես ՁԻԱՀ-ի պատճառագիտական գործոն ճանաչվելը: Հետագայում համաճարակաբանական հսկողության միջոցով ստացված տվյալներն օգտագործվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի գնահատման համար:
Հիվանդությունների կանխարգելման և դիտարկման նպատակով հանրային առողջապահական կազմակերպություններին անհրաժեշտ է տեղեկատվություն հիվանդության բնական ընթացքի, ռիսկի գործոնների, ախտաբանական ֆիզիոլոգիայի, բուժական և կանխարգելիչ միջամտությունների վերաբերյալ։ Այդպիսի տեղեկատվության աղբյուր են կլինիկական, համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամփոփող բազաները։
Համաճարակաբանական հսկողությունը միշտ չէ, որ պահանջում է դիտարկվող հիվանդության վերաբերյալ ամբողջական տեղեկա- տվություն: Այսպես օրինակ՝ ծախսարդյունավետ է դիտարկել առանձին հիվանդությամբ հոսպիտալացված պացիենտներին որոշակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, այլ ոչ թե բոլոր: Այս ամենն առանձին հիվանդության արձանագրված և հոսպիտալացված դեպքերի վերաբերյալ ողջամիտ տեղեկատվության հիման վրա հնարավորություն է ընձեռում գնահատելու հիվանդության բեռը: