Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների և լրացումների (ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին) ՀՀ օրենքով սահմանվեց ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջ:
Վերոնշյալ օրենքը սահմանում է.
- Հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:
- Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը (ՇՄԶ հավաստագիր) բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (ՇՄԶ կրեդիտներ) հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։
Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը ամրագրված է օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի համար ավագ բուժաշխատողները (բժիշկները) պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:
ՀՀ-ում տարբերում են ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթություն կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:
Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:
Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:
Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (ԷՈՒՆ) յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:
Էլեկտրոնային ուսուցողական նյութերը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութերն են, որոնք համապատասխանում են ԷՈՒՆ-ի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին:
Հավաստագրման առաջին շրջափուլը ընդգրկում է 4 մայիս 2016թ. – 1 հունվար 2023թ. ժամանակահատվածը:
Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով: